Ալավերդի-Դրմբոն. համագործակցության և բարեկամության կամուրջներ (14.06.2011)


2011 թ. հունիսի 8-11-ը «Վալլեքս» խմբի ընկերությունների և Ալավերդու քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ալավերդու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական ակտիվի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցին մասնակցում էր շուրջ 85 մարդ. ներգրավվել էին նաև Հայաստանի պետական բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հայտնի մտավորականներ, որոնց շարքում՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Մխիթարյան ակադեմիայի վարիչ, վարդապետ Հայր Հարություն Պզդիկյանը, ԵրՃՇՊՀ գեոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը և այլոք:

Շրջայցի առաջին օրը ընդունելության հանդիսույթ կազմակերպվեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, որտեղ մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ողջունելով և բարի գալուստ ասելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշեց, որ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերությունը ԼՂՀ խոշորագույն հարկատուն և գործատուն է և կարևոր դեր ու նշանակություն ունի ԼՂՀ տնտեսության մեջ: Խորհրդանշական է, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում իրենց գործունեությունը սկսել են հենց Լոռու մարզի Ալավերդի քաղաքում պղնաձաձուլական արտադրության վերականգնումով, և Արցախում ժամանակակից հանքարդյունաբերական համալիրի կառուցման գործում մեծ է նաև Ալավերդուց ժամանած մասնագետների վաստակը:

Հաջորդ օրը կազմակերպվեց այցելություն Գանձասարի վանական համալիր (13-րդ դար) և Դրմբոնի հանքարդյունաբերական համալիր, որտեղ տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի և Ալավերդու ավագանու անդամների հանդիպումը, քննարկվեցին միջմարզային  համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնակիցները նաև շրջեցին հանքարդյունաբերական համալիրի արտադրա­կան օբյեկտներով՝ եղան հարստացուցիչ ֆաբրիկայում, շրջեցին ստորգետնյա հանքախորշե­րում: Օրվա ավարտին ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավարության նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ այցի ուսանող մասնակիցների հանդիպումը Արցախի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին և ուսանողներին ողջույնի խոսքով դիմեցին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Հաջորդ օրը՝ հունիսի 10-ին, կազմակերպվեց այցելություն պատմական Տիգրանակերտի պեղումների վայրեր և Ամարասի վանական համալիր (4-րդ դար):

Շրջայցի եզրափակման տոնական հանդիսույթի շրջանակներում «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանն ընկերության հրավերն ընդունելու համար շնորհակալություն հայտնեց Ալավերդու պատվիրակությանը և շրջայցի մյուս մասնակիցներին՝ իր խոսքում նաև անդրադառնալով այն դրական փոփոխություններին, որ գրանցվել են Ալավերդի համայնքում քաղաքապետ Արթուր Նալբանդյանի ղեկավարության շրջանում: Ողջունելով պատմական շրջայցի առավել երիտասարդ մասնակիցների՝ պատմական հայրենիքը ճանաչելու ցանկությունը, ընկերությունը պատրաստակամություն հայտնեց նրանց համար շրջայց կազմակերպելու նաև Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներով:

Վերադարձի ճանապարհին մասնակիցներն այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, որտեղ նրանց ընդունեց և իր հայրական օրհնանքն ու ոգեշնչման խոսքն ուղղեց Պարգև Սրբազանը, ինչպես նաև եղան Տաթևի վանական համալիրում:

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 









 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC