«Թեղուտ» ՓԲ ընկերությունը հորդորում է զերծ մնալ իրականության միտումնավոր խեղաթյուրումներից (30.01.2012)

 Ս.թ. հունվարի 27-ին «Պոկրովսկիե Վորոտա» մշակութային կենտրոնում (ՌԴ, Մոսկվա) տեղի ունեցավ Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անունից հանդես եկող Եղիա Ներսեսյանի հանդիպումը ՌԴ-ում հայ համայնքի որոշ անդամների հետ: ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով այդ հանդիպման մասին տարածված հայտարարությունից ակներև էր, որ միջոցառման խնդրակարգը սերտորեն առնչվում է ՀՀ Լոռու մարզի Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ու պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր): Հաշվի առնելով հանդիպման խնդրակարգը և այն, որ հանդիպման վերաբերյալ հայտարարություններում մասնակցության որևէ սահմանափակման մասին տեղեկատվություն չի եղել, հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է գործուղվել նաև «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչը: Հանդիպման կազմակերպիչ ներկայացող անձինք և անձամբ Եղիա Ներսիսյանը հրաժարվել են թույլատրել Ընկերության ներկայացուցչին ներկա գտնվել միջոցառմանը: Միայն որոշակի բացատրական աշխատանքից հետո, որ այդպիսի կեցվածքն ու գործելաոճը որևէ ողջամիտ արդարացում չունեն և անհարիր են հասարակական գործունեության հիմնարար սկզբունքներին՝ Ընկերության ներկայացուցչի մուտքը թույլատրվեց, սակայն կտրականապես արգելվեց նրա որևէ շփում լսարանի հետ և միջոցառման տեսագրումը նրա կողմից: Նման գործելաոճի վերաբերյալ՝ որպես կազմակերպիչ հանդես եկող անձանց կողմից ներկայացված հիմնավորումը հետևյալն էր. «երբ դուք այդքան ֆինանսական և մարդկային միջոցներ կծախսեք, կվարձակալեք այսպիսի դահլիճ, կհավաքեք այսքան մարդ, այդ ժամանակ էլ շփվեք լսարանի հետ և տեսագրեք միջոցառումը: Սա մեր կազմակերպածն է»: Հանդիպման ողջ ընթացքում Ընկերության ներկայացուցչին հնարավորություն չտրվեց որևէ պարզաբանում ներկայացնելու Ընկերության գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ և (կամ) որևէ հարց տալու ելույթ ունեցողներին: Չարաշահելով ներկայացվող նյութը քննադատաբար վերլուծելու առումով լսարանի հիմնական մասի մասնագիտական անպատրաստությունը՝ միջոցառման ողջ ընթացքում իրականացվում էր ընդգծված քարոզ Ծրագրի դեմ: Հնչեցվում էին անհիմն մեղադրանքներ Ընկերության հասցեին և արգելափակվում ներկայացված մեղադրանքների առնչությամբ պարզաբանումներ տալու Ընկերության ներկայացուցչի փորձերը: Որոշ մասնակիցների դիտարկումներով՝ միջոցառման շրջանակներում կիրառված հնարներն առավել բնութագրական են տարաբնույթ աղանդավորական շարժումների, քան՝ բնապահպանական հասարակական կազմակերպություններին: Չենթակվելով որպես կազմակերպիչ ներկայացող անձանց կողմից սահմանված անտրամաբանական արգելքին, Ընկերության ներկայացուցիչը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով բոլոր ներկաներին հորդորեց նախքան որևէ հարցի մասին եզրահանգման գալը՝ Ծրագրին առնչվող իրենց մտահոգությունների վերաբերյալ հարցումներ անել նաև Ընկերությանը և միայն դրանից հետո անել եզրակացություններ: Այդուհետ, ի նշան այդպիսի գործելաոճի դատապարտման, Ընկերության ներկայացուցիչը լքեց դահլիճը: Սույնով Ընկերությունն իր մտահոգությունն է հայտնում Անկախ Հայաստանի պատմության մեջ խոշորագույն տնտեսական ծրագրի նշանակությունն ու արժեքը հասարակության աչքում նսեմացնելու՝ վերջին շրջանում հաճախադեպ դարձած գործողությունների առնչությամբ, որոնց տիպական օրինակներից է վերը նկարագրված դեպքը: Ընկերությունը հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին մինչ Ծրագրի վերաբերյալ որևէ եզրակացություն անելը կամ Ծրագրի վերաբերյալ որևէ դիրքորոշման հարելը խնդիրն ուսումնասիրել հնարավորինս համակողմանիորեն: Իր ստեղծման օրից Ընկերությունը որդեգրել է իր գործունեության տեղեկատվական թափանցիկության սկզբունքը և մշտապես պատրաստակամ է համարժեք արձագանքելու հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող անձանց հարցումներին:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC