«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով այց Արցախ (30.07.2012)

 

 

Ս.թ. հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզն ու Արցախի Մարտակերտի շրջանն արդեն մի քանի տարի իրականացնում են   տարբեր միջոցառումեր:

Պատվիրակությունը, որի կազմում էին մարզային տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականության ներկայացուցիչներ, «Վալլեքս» խմբի՝ Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցներ, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի հոգևոր առաջնորդությամբ նախ այցելեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և ընդհանրական աղոթք: Այդուհետ պատվիրակությունն ուղևորվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Պատվիրակության անդամներին ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարներ և այլ պաշտոնատար անձիք: Նախագահն իր խոսքում նշեց, որ Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների միջև կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումն օգտակար է երկու հայկական հանրապետությունների համար և կարևոր՝ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր գնահատեց Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ Լոռի-Մարտակերտ համագործակցությունը նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Քննարկվեցին նաև երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Այցելության առաջին օրն ավարտվեց Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կազմակերպված մշակութային միջոցառումով. Լոռու մարզի պատվիրակությանը ողջունեցին և համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերը կարևորեցին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեսպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը: Համերգային մասի շրջանակներում ելույթ ունեցան Ստեփանակերտի պարի պետական համույթի սաները, երիտասարդ քանոնահար, «Դասական Եվրատեսիլ 2012» մրցույթի մրցանակակիր Նարեկ Կազազյանը, Մանկական «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը և այլ շնորհալի արտիստներ: Միջոցառումը եզրափակվեց  Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից բեմադրության ցուցադրությամբ:

Այցի երկրորդ օրը Լոռու պատվիրակությունը մեկնեց Մարտակերտի շրջան: Շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում պատվիրակությանն ընդունեց շրջանի վարչակազմի ղեկավար Լևոն Չալյանը: Մարտակերտի հացամթերքի բազաներից մեկում գործարկվեց Լոռու մարզի կողմից Մարտակերտի շրջանին նվիրված՝ սերմնացուի զտիչ-ախտահանիչ սարքավորումը: Մարտակերտի մշակույթի տան դահլիճում, ուր հանդիսատեսների զգալի մասը Մարտակերտի կայազորի զինծառայողներ էին, տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որից հետո պատվիրակության անդամները հարգանքի տուրքի այցով եղան Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և ծաղկեպսակ դրեցին հուշարձանին:

Պատվիրակությունն այցելեց նաև Դրմբոնի լեռնահանքային համալիր, որտեղ տրված պատվո ճաշին մասնակցում էին նաև «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հովանավորությամբ արդեն երկրորդ տարին Ստեփանակերտում անցկացվող քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցող իտալացի քանդակագործներ: Լոռի վերադարձի ճանապարհին պատվիրակությունը եղավ նաև Դադիվանքի վանական համալիրում:

 

Լուսանկարներ 
At White House in Stepanakert

 

Տեսանյութեր


«Առաջին լրատվական»

«Ժամը»

 

 

    
 
 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC