Պարզաբանումներ հրապարակման վերաբերյալ (19.12.2012)

2012թ. դեկտեմբերի 17-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով, մասնավորապես՝ Zham.am, Hetq.am և Lurer.com կայքերով, տարածվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը հանցագործության մեջ մեղադրող տեղեկատվություն, որի վերնագրում օգտագործվել է «հաղորդում հանցագործության մասին» արտահայտությունը:

Hetq.am ինտերնետային թերթով հրապարակումը ստորագրված է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից, որևէ այլ՝ որոշակի անձի կողմից տեղեկատվությունը ստորագրված չէ: Հիմք ընդունելով, որ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն» անվանմամբ որևէ իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ, և որևէ որոշակի ֆիզիկական անձի հետ այդ անվանումը միարժեքորեն չի նույնացվում՝ կարելի է եզրակացնել, որ հրապարակումներն իրավական կարգավիճակով ըստ էության չեն տարբերվում անանուն հայտարարություններից, և համապատասխան հաղորդման սուբյեկտ կարող են համարվել միայն տեղեկատվությունը տարածող լրատվամիջոցները:

Սույնով հայտնում ենք, որ վերը նշված հրապարակումներում ներկայացված մեղադրանքներն անհիմն են:

Մասնավորապես՝ հրապարակման առանցքը, մեր գնահատմամբ, հետևյալ պնդումներն են. «ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկվելու»:

Իրականում.

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը, ինչպես նաև համապատասխան իրավունքները «Թեղուտ» ՓԲ ընկերությանը փոխանցելուց հետո՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման ուղղությամբ աշխա­տանք­ներն իրականացնում են այն աշխատանքային նախագծով սահմանված կարգով, որն օրենսդրությամբ սահմանված կարգով անցել է բոլոր պահանջվող փորձաքննությունները: Միևնույն ժամանակ, «Վալլեքս» խմբի ընկերությունները, Ծրագրի հիմքում ընկած աշխա­տան­քային նախագծերի շարունակական կատարելագործման (առաջին հերթին՝ բնապահպանական անվտանգության բարելավման տեսանկյունից) նպատակով իրականացրել են հետազոտական աշխատանքներ՝ դրանց կատարմանը ներգրավելով նաև միջազգային չափանիշներով ոլորտի առաջատար մասնագիտացված կազմակերպությունների: Այդ աշխատանքների արդյունքում ստացված՝ հաստատված աշխատանքային նախագծի հնարավոր բարելավումների՝ տվյալ պահի դրությամբ ընդհանրացված մի փաթեթ, հաստատված աշխատանքային նախագծին զուգահեռ 2010 թ. ներկայացվել է ERM ընկերությանը՝ միջազգային ֆինանսական կորպորացիայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից փորձաքննություն իրականացնելու նպատակով: 2010 թվականին կազմված փաստաթուղթը, ըստ էության, հաստատված աշխատանքային նախագծի բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների ընթացիկ արդյունք է: Այդ փաստաթղթի վերջնական տարբերակում տեղ գտած՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից իրադրության փոփոխություն ենթադրող առանձին լուծումներ, որպես հաստատ­ված աշխատանքային նախագծի լրացումներ, անշուշտ, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելու են համապատասխան պետական լիազոր մարմիններին: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ նման բոլոր լրացումներն ուղղված են բնապահպանական առումով ակնհայտորեն նախընտրելի լուծումների՝ օրենսդրորեն թույլատրելի շրջանակներում ամրագրմանը:

Վերոշարադրյալով սպառված համարելով «հանցագործության մասին հաղորդման» հիմնական բովանդակությունը՝ հարկ ենք համարում ավելացնել հետևյալը.

«Վալլեքս» խմբի ընկերությունները ողջունում են իրենց գործունեության կառուցողական քննադատության փորձերը և պատրաստակամորեն քննարկում գործունեության բնապահպանական և այլ բնութագրերի բարելավման ներուժ ունեցող ցանկացած առաջարկություն: Մենք կոչ ենք անում մեր հնարավոր ընդդիմախոսներին ցանկացած իրադրությունում դրսևորել կառուցողական վարքագիծ: Մասնավորապես կարծում ենք, որ «Թեղուտի պաշտպանության նախաձեռնության» անունից գործող անձինք մեր գործունեությանն առնչվող, իրենց կարծիքով խնդրահարույց տեղեկատվություն հայտնաբերելով, առաջնահերթ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով պետք է դիմեին «Վալլեքս» խմբի համապատասխան ծառայությանը: Դա հնարավորություն կտար խուսափել անհիմն մեղադրանքներ հրապարակելուց կամ առնվազն զերծ մնալ այնպիսի թյուրըմբռնումներ դրանում զետեղելուց, ինչպես, օրինակ, առկա է հրապարակումից հետևյալ մեջբերման մեջ.

2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն, 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 

  Իրականում.

Ինչպես աշխատանքային նախագծում, այնպես էլ՝ ERM-ի կողմից մշակված փաստաթղթում նույն մեծություններն են արտացոլված: Աշխատանքային նախագծում տրված են 890 մ բացարձակ բարձրության հորիզոնից բարձր գտնվող հանքաքարի շահագործման տեխնիկական պայմանները, ինչի դեպքում ձևավորվելիք բացահանքի հատակի և եզրագծի ամենաբարձր կետի տարբերությունը, կամ, առօրեական լեզվով ձևակերպած, բացահանքի ակնկալվող խորությունը, կազմում է մոտ 435 մ[1]: Ծրագրի շրջանակներում 890 մ խորությամբ կամ բացասական բացարձակ բարձրու­թյամբ հատակով բացահանք ունենալու մասին խոսք անգամ լինել չի կարող

Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները պատշաճ կերպով արձագանքում են իրենց գործունեությանը, մասնավորապես՝ Ծրագրին վերաբերող ցանկացած ԶԼՄ ցանկացած ներկայացուցչի յուրաքանչյուր հարցադրման, ինչը, մեր համոզմամբ, լավ հնարավորություն է լրատվամիջոցների համար՝ բացառելու կամ նվազ հավանական դարձնելու Ծրագրին առնչվող միակողմանի և ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը:



[1] Տե՛ս Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատ (շինարարություն և շահագործում). աշխատանքային նախագիծ, հատոր 3.1, էջ 7:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC