Համաժողով նվիրված զբոսաշրջության ոլորտին (13.11.2013)

2013 թ. նոյեմբերի 12-13-ը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթելի» խորհրդակցությունների սրահում անցկացվեց «Տուրիզմը Ղարաբաղում» խորագրով համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի մոտ 50 առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, Ստեփանակերտում գործող երեք զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետը, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ: Համաժողովը կազմակերպվել էր «Վալլեքս» խմբի հյուրանոցային-զբոսաշրջային գործունեություն իրականացնող միավորների տնօրինության նախաձեռնությամբ:

Համաժողովի բացման խոսքով ներկաներին դիմեց «Վալլեքս Գարդեն Հոթելի» տնօրեն Միքայել Ղալումյանը, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն Ղարաբաղը ակտիվ զբոսաշրջային ծրագրերում ընդգրկելուն: Այնուհետև ելույթ ունեցան «Արիես Լիբեր», «Լևոն Թրավլ», «Սիդոն Թուր ընդ Թրավլ», «Սիրով Թրավլ», «Երևան թրավլ», Ստեփանակերտի «Վարանդա թրավլ» ընկերությունների ներկայացուցիչները: Խոսվեց այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ղարաբաղյան տուրիզմի զարգացումը: Դա նախ և առաջ հեռավորությունն է Երևանից և ոլորապտույտ ճանապարհների անբարեկարգ վիճակը, որը վանում է հատկապես արտասահմանյան զբոսաշրջիկին: Դրա լուծման ուղիներից մեկը կարող էր լինել փոքր ավիացիայի զարգացումը, ուղղաթիռային կանոնավոր թռիչքների կազմակերպումը: Խոչընդոտների թվում նշվեց նաև արտերկրում Ղարաբաղի մասին ոչ լիարժեք տեղեկատվության առկայությունը և Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչությունը: Խոսվեց նաև այն մասին, որ Ղարաբաղում զբոսաշրջային պատշաճ մակարդակի ծառայություններ մատուցող ընկերությունները քիչ են, չկան ազգային խոհանոց առաջարկող ռեստորաններ և զբոսաշրջութան զարգացումը խթանող այլ բաղադրիչներ: Ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ նշեցին, որ այդ խնդիրները չպետք է արգելափակեն իրենց ջանքերը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ավելի ակտիվ աշխատել Ղարաբաղում: Բավարար քանակի հյուրանոցային տեղեր ապահովելու հարցում արդեն զգալիորեն բարելավվել է վիճակը. գործում է շուրջ 1000 հյուրանոցային տեղ: «Վալլեքս Գարդեն Հոթելի» բարձրակարգ հյուրանոցային պայմաններն արդեն հնարավորություն են տալիս վստահորեն Արցախ հրավիրել ամենախստապահանջ զբոսաշրջիկին:

ԼՂՀ տուրիզմի վարչության պետը, ամփոփելով խորհրդաժողովը, նշեց, որ վերջին տարիներին լուրջ փոփոխություններ են նկատվում ոլորտում, և կառավարությունը փորձում է աշխատանքներ իրականացնել ոլորտի զարգացումը խթանելու նպատակով: Սակայն նշված խնդիրների հաղթահարումը տեսնում է Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ տարեկան 15 000 զբոսաշրջիկի այցելության պայմաններում, ոչ մի մասնավոր ընկերություն լուրջ ներդումներ չի կարող կատարել ոլորտում: Արցախում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ համարվեց Արցախում դեռևս չեղած Հայաստանի բնակիչների մեծ թիվը: Առաջիկայում կմշակվեն ծրագրեր, որոնք նպատակ կունենան կարճատև ու մատչելի զբոսաշրջային փաթեթներ առաջարկել Հայաստանի բնակիչներին՝ հնգօրյա հանգիստը Արցախում կազմակերպելու նպատակով: Քննարկվեց նաև որակյալ զբոսավարների պատրաստման խնդիրը:

Նոյեմբերի 12-ին համաժողվի մասնակցիները եղան «Արցախ բրենդի քոմփանի» ընկերությունում, ծանոթացան ոգելից խմիչքների արտադրությանը և մասնակցեցին համտեսի:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC